AM
19 October 2023 - 10:22 AMT

Արցախի ՄԻՊ․ Զզվանքով եմ լսում «դատապարտում ենք», «մտահոգված ենք» բառերը, որոնք քողարկում են միջազգային հանրության անգործությունը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում գրել է, որ զզվանքով է լսում «դատապարտում ենք», «խորապես մտահոգված ենք» անիմաստ արտահայտությունները, որոնցով քողարկվում է միջազգային հանրության անգործությունը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ինչ զզվանք եմ զգում, երբ լսում եմ «դատապարտում ենք», «խորապես մտահոգված ենք», «կոչ ենք անում», «հորդորում ենք» և նմանատիպ անիմաստ արտահայտությունները։ Արտահայտություններ, որոնք քողարկում են միջազգային հանրության անգործությունը իրական մարդկանց տառապանքների նկատմամբ»,–գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։