AM
19 October 2023 - 10:57 AMT

Փաշինյան․ Իրատեսական է, որ այդ գումարով տեղահանված արցախցիները կարող են բնակարան վարձել

Հայաստանի պետբյուջեի պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված 40,000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Մեկ անձի հաշվով պետությունը կտրամադրի ընդհանուր 50,000 դրամ աջակցություն՝ 40,000 ժամանակավոր կացարանում բնակվելու և 10,000 դրամ կոմունալ ծախսերի համար։

Այս աջակցությունը կհատկացվի 6 ամիս՝ մինչև մարտը ներառյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ 40, 000 դրամները չեն ստանա այն արցախցիները, որոնք սեփականություն ունեն Հայաստանում կամ ապրում են պետության հոգածության ներքո՝ խնամքի հաստատություններում կամ այլ պետական կացարաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ եթե նման կացարաններում բնակվողները ցանկանան գնալ վարձով ապրելու, ապա այդ գումարը նրանց կտրվի։

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրատեսական է, որ այդ գումարով կարող են բնակարան վարձել և իրենց կեցության հարցերը լուծել»,-ասել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։