Երևանում 1000 բնակարան կկառուցվի հանրային ծառայողների համար, ինչպես նաև 700 ավտոկայանատեղի։ Կառավարությունը հաստատել է Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին և երկրորդ փուլերի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:
Ծրագրի առաջին փուլի շրջանակում նախատեսվում է բաշխվել թվով 700 բնակարան և թվով 490 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլի շրջանակներում՝ թվով 300 բնակարան և թվով 210 ավտոկայանատեղի:
Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումները, ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի: