AM
20 October 2023 - 09:02 AMT

Արցախցիները ներխուժել են ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն․ Շահրամանյանն ասել է՝ ժողովրդի ստեղծած պետությունը փաստաթղթով չի լուծարվում

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում ԱՀ ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք, որտեղ գտնվում էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նրանք բողոքում են Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը, հայտնում է Sputnik Արմենիա։

Շահրամանյանը դուրս է եկել շենքի դիմաց՝ լսելու բռնի տեղահանվածների բողոքները։ Նա հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Արցախը լուծարված չէ։ Այդ փաստաթղթի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց այսքանիդ մոտ չեմ կարող ասել։ Ե՛վ դրական, և՛ բացասական կողմեր կան։ Որևէ փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով Հ1-ի տաղավարում։ Ես պատասխանը տալու եմ և՛ այս փաստաթղթի, և՛ այն փաստաթղթի մասով, որով սեպտեմբերի 20-ին կանգնեցվել են ռազմական գործողությունները»,- ասել է Շահրամանյանը։

Նա ասել է, որ եթե պատերազմը 1 ժամ հետո կանգներ, «կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին»։

«Ինչ պետք է ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճակատագրի համար։ Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք, ծայրահեղ ծանր, ու ինչ այստեղ կատարվում է, ավելի է դժվարացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ»,- նշել է Շահրամանյանը։

Նա ընդգծել է, որ ՀՀ–ն ևս բոլորի հայրենիքն է, իրենք իրավունք չունեն վտանգելու ՀՀ–ի անվտանգությունը։ Արցախի նախագահը շեշտեց՝ պատրաստ է բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն ամենը, ինչում մեղադրում են իրեն։

Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքը։ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը:

Հոկտեմբերի 19–ին Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023-ի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված զբաղեցրած պաշտոններից։ Բացառություն են կազմում Արցախի նախագահը, կառավարությունը, ԱԽ քարտուղարը, ԱԺ պատգամավորները, այլ պաշտոնյաներ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):