Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար է հատկացվել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը։ Գումարի մեծ մասը զարդարանքի վրա է ծախսվել, հայտնում է «Ազատությունը»։
Քաղաքապետարանը որոշ փակագծեր է բացել, թե ինչի վրա են ծախսվել տասնյակ միլիոնները։
Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին։
Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի մոտ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն։
«Երևանցիներին սա կհիշեցնի, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները», – ասել էր Ավինյանը երդմնակալության օրը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասել է, որ պետք էր պատշաճ կերպով իրականացնել այդ միջոցառումը։
«Դեկորներն արդեն հեռացվել են, բայց ռեկվիզիտները, գորգը հագուստը բեմն ու պատվանդանները էլի պետք կգան այլ մշակութային միջոցառումների համար», – նշել է Գալջյանը։
Մոտ 2 ժամ տևած արարողության համար ծախսված 87 միլիոն դրամի գնումը կրկին մեկ անձից է եղել՝ «Բեգրաունդ» ՍՊԸ -ից, ընդ որում՝ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 9-ին։ Տիգրան Ավինյանը միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին է Երևանի քաղաքապետ ընտրվել։