Դատախազը պահանջել է 5 տարվա ազատազրկման դատապարտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով: 24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով ես եմ հանդես գալու ճառով»,–գրել է նա։
2021-ի հունիսի 18-ին համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում։
Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց, հետո՝ օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։