AM
20 October 2023 - 14:18 AMT

Ոստիկանությունը պարզաբանել է ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի 100,000–ական դրամով տուգանելու պատճառը

Ոստիկանությունից պարզաբանել են ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի 100,000–ական դրամով տուգանելու պատճառը՝ նրանք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Բռնի տեղահանված արցախցիների տուգանման մասին հրապարակումներ են եղել սոցցանցերում։ Մասնավորապես այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ: ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:

Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»,–ասվում է ոստիկանության պատասխանի մեջ:

Մելիքյանն իր հրապարակման մեջ գրել էր․ «Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով… Գրառումը կատարելուց հետո ինձ մեսինջերով տեղեկացրեցին ևս 4 նման դեպքերի մասին։ Փաստորեն համատարած, աջ ու ձախ տուգանում են»։