AM
21 October 2023 - 14:20 AMT

Ժան Պիեռ Մահեն՝ Vatican News-ին. Հայ քրիստոնեության գոյատևումը կենսական և կարևոր է ամբողջ աշխարհի համար

Vatican News-ի ֆրանսիական բաժինն անդրադարձել է հայ քրիստոնեության նշանակությանը աշխարհի համար և Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությանը։

Հայաստանն առաջին թագավորությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և որի 2000–ամյա կրոնական, հոգևոր և ճարտարապետական ժառանգությունը վկայում է Կովկասում քրիստոնեական ներկայությունը կենդանի և արմատացած պահելու կարևորության մասին, ասվում է հոդվածում։

Նշվում է, որ հոկտեմբերին 15–ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն էր հայտնել «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, կոչ արել հարգել և պաշտպանել այդ տարածաշրջանի վանքերն ու աղոթատեղիները»։

Նշվում է, որ «2020–ի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել մոտ 1500 հայկական հուշարձան, այդ թվում 161 վանք և եկեղեցի»։

Ֆրանսիացի արևելագետ, Կովկասի գծով պատմաբան և հայ քրիստոնեության մասնագետ Ժան Պիեռ Մահեն պարբերականին ասել է, որ «հայ քրիստոնեության գոյատևումը կենսական և կարևոր է ամբողջ աշխարհի համար»։

Նա մանրամասն անդրադարձ է կատարել հայ ժողովրդի պատմությանը ՝ «Նոյան տապանի երկրի» կողմից «Հռոմից մի քանի տարի առաջ» քրիստոնեությունը որպես կրոն ընդունելուն՝ նշելով, որ այժմ «քրիստոնեական ներկայությունը պահպանելու և կրոնական ժառանգությունը պաշտպանելու գոյաբանական մարտահրավեր է առաջացել»։

Իր վերլուծության մէջ Ժան Պիեռ Մահեն փաստել է, որ «քրիստոնեական ամենահինավուրց հուշարձանները և եկեղեցիները Լեռնային Ղարաբաղում են կառուվել, որ հայ քրիստոնեության գոյատևումը կենսական և կարևոր է ամբողջ աշխարհի համար, քրիստոնեական մտքի հիշողության պահպանման համար և, որ այդ հիշողության վկաները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաներն են»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։