AM
23 October 2023 - 09:23 AMT

Բեգլարյան․ Ինչո՞ւ առ այսօր սուգ չի հայտարարվել վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երբ մոտ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է:

«Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին:

Նման մասշտաբի ողբերգությունը, երբ մոտ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական վերաբերմունքն իրադարձություններին:

Սուգ հայտարարելու վերջին հնարավորությունը կհամարեի հոկտեմբերի 29-ին՝ պատերազմի մեկնարկի 40-րդ օրը, որն, իմ կարծիքով, պետք է առնվազն եռօրյա լինի:

Համեմատության համար նշեմ, որ 2022թ. օգոստոսին երկօրյա սուգ էր հայտարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին, որի ողբերգության մասշտաբներն անհամեմատ փոքր էին»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։