AM
23 October 2023 - 15:06 AMT

Միրզոյանն ու Ռայիսին տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը հարցեր են քննարկել

Թեհրանում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում է մասնակցելու տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ դա պայմանավորելով ռուսական կողմի մասնակցությամբ՝ «ռուսական գործոնով»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել էր «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։