AM
24 October 2023 - 10:22 AMT

Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից

Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել:

Մեկ այլ հրամանագրով Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս) է նշանակվել Արա Մարգարյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արա Մարգարյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,–ասվում է հրամանագրում։

Իգիթյանը Լիտվայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2022–ի փետրվարին, իսկ մի քանի ամիս անց՝ համատեղությամբ նաև Էստոնիայում ու Լատվիայում։