Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկել են հեռավար աշխատանքի կարգավորման դրույթները։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Ըստ նախագծի՝ հեռավար աշխատանքը հնարավոր է, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս, եթե կա փոխադարձ համաձայնություն, ինչպես նաև արտակարգ բնույթի դեպքերում:
Հեռավար աշխատանքի կարգն ու պայմանները, ինչպես նաև նյութերի ծախսերի փոխհատուցման կամ տրամադրման կարգը սահմանվում են գործատու-աշխատող փոխադարձ համաձայնությամբ։
Հայաստանում հեռավար աշխատանքի կանոններն աշխատանքային օրենսգրքում ներդրվել են 2020 թվականի մայիսին, բայց միայն արտահաստիքային և արտակարգ իրավիճակների համար։ Այժմ առաջարկվում է դրանք հաստատել նաև սովորական աշխատանքային պայմանագրերի համար։