ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Չինաստանի կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է կրթության բնագավառում հայ-չինական կապերին, Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր։
Մարտիրոսյանը, անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը, նշել է՝ հայկական կողմը կարևորում է չինարենի ուսուցման զարգացումը, որի լավագույն վկայություններից են Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի և Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը, ինչպես նաև Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերը։
Ծին Վեյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն հասցրել է հասկանալ, որ Հայաստանը մշակույթով և պատմությամբ շատ հարուստ երկիր է:
«Շատ ուրախ ենք, որ այսօր հայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու չինարեն, քանի որ դրանով նրանց առջև նոր հնարավորություններ են բացում: Լեզվական կրթությունը հիմքն է մյուս բոլոր ոլորտների զարգացման: Արդեն իսկ ունենք լավ կադրեր, որոնք հիանալի տիրապետում են չինարենին և թարգմանություններ են իրականացնում»,- ասել է Ծին Վեյը։
Նա շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը չինարենի տարածման և ուսուցման գործում ներդրած շարունակական ջանքերի, ինչպես նաև «Ուրախ չինարեն» դասագրքի թարգմանության և տեղայնացման համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ լեզուների ուսուցումը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» կարևոր թիրախներից է: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, չինարենի հանդեպ հետաքրքրությունը մեր երկրում աստիճանաբար մեծացել է: Նա նաև կարևորել է ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը՝ լեզվի ուսուցման գործընթացի արդյունավետ համակարգման առումով:
Անդրադառնալով կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել ավելի մեծ թվով լեզվակիր մասնագետների գործուղումը Հայաստան, հայ մասնագետների շարունակական վերապատրաստումները ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կարևորվել է չինարեն սովորողների համար ամառային դպրոցների անցկացումը, հայերենով ուսումնամեթոդական նյութերի շարունակական ստեղծումը, ինչպես նաև հայ և չին հեղինակների գրական ստեղծագործությունների թարգմանությունն ու այս նպատակով համապատասխան մասնագետների պատրաստումը:
Երկուստեք անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում հայագիտական, իսկ Հայաստանում չինագիտական կենտրոնների ստեղծման հնարավորությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինական կողմի տնօրեն Հան Մինծիեն: