AM
24 October 2023 - 13:07 AMT

Ավանեսյան. Բժիշկների համար անհատական լիցենզիայի պահանջ կսահմանվի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և այլ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հայտնել է, որ բժիշկների համար անհատական լիցենզիայի պահանջ կսահմանվի։

Նախարարը հայտնել է, որ 2023-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի արդյունքում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման գործընթացն անցել է մոտ 35,000 բուժաշխատող:

«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ն կունենա մասնագիտական որակների, հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացմամբ բուժաշխատողներ, իսկ բժշկական սխալների, էթիկական նորմերի խախտման պարագայում բուժաշխատողների նկատմամբ որոշակի վերահսկողություն կունենանք»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետն ավագ բուժաշխատողների համար սահմանվել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների ու ռեզիդենտների համար՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Ըստ նախարարի՝ օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ, մեկը՝ ժամանակավոր, մյուսը՝ ամբողջական գործարկված: Այս տարբերակումը թույլ կտա իրականացնել նաև սահմանափակ մասնագիտական գործունեություն: