AM
24 October 2023 - 15:15 AMT

Պապիկյանը Սենատում քննարկել է հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։

Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել։Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ընթերցեք նաև․ Ֆրանսիան կաջակցի ՀՀ ԶՈւ հատուկ ջոկատների նախապատրաստմանը․ Նախարարը ներկայացրել է կետերը