AM
25 October 2023 - 07:59 AMT

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում չի կայանա

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ, հայտնում է «Ազատությունը»։

«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում»,- նշել է Կլաարը և հավելել. «Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի»:

Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։