ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման չեղարկմանը, ասել է, որ, հավանաբար, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ չի գտել»։
Այդ մասին Միրզոյանն ասել է Կանադայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։
Ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։
«Ակնհայտ է, որ ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը, քանի որ մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ` իսկապես, խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։
Մինչև հոկտեմբերի ավարտը Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։