AM
25 October 2023 - 12:41 AMT

Կանադայի ԱԳ նախարար․ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է

Այցով Երևանում գտնվող Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, հայտնում է «Ազատությունը»։

Լրագրողի հարցը՝ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը Կանադայի արձագանքին էր վերաբերում. արդյո՞ք Կանադան լրջորեն դիտարկում է պատժամիջոցների հարցը:

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, մեզ համար դա հաստատապես մի հարց է, որին հետևելու ենք», – նշել է Ժոլին:

Մելանի Ժոլին նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, գրում է Sputnik Արմենիան։

Կանադայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները որևէ կերպ արդարացված չեն։ Նրա խոսքով՝ Օտտավան շարունակում է աշխատել երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության։

ԱԳ նախարարը հավելել է, որ Կանադան կավելացնի Լեռնային Ղարաբաղի հայերի համար մարդասիրական օգնության ծավալը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։