AM
25 October 2023 - 13:38 AMT

Փաշինյան․ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտրվի

Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտրվի։ Այդ մասին ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարության հոկտեմբերի 26–ի նիստում նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրների կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Նախագծով արձանագրվում է ԼՂ-ից տեղահնվածների փախստական լինելու հանգամանքը»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և դա կարվի հնարավորինս արագ ձևերով։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն հարցին, թե ինչու է դա չի արվում օրենքի մակարդակով՝ ՓՁաշինյանն ասել է, որ կառավարության որոշման ձևաչափը թույլ է տալիս ավելի արագ գործել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։