AM
26 October 2023 - 06:54 AMT

Փաշինյանը ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ներկայության մեջ որևէ առավելություն չի տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան The Wall Street Journal–ին հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտ, ասել է, որ հայկական կողմը ստեղծված պայմաններում առավելություններ չի տեսնում։

Միևնույն ժամանակ, վարչապետն ասել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազաները հանելու պահանջ դնելու հարց չի քննարկվում։

«Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,–ասել է նա։

Նա շեշտել է, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, որոնք պետք է տեղի ունենան, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում՝ հիշատակելով 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ և տարածքների օկուպացիան։

«Նկարագրվածը տեղի չի ունեցել, երբ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ օկուպացրել։

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,–ասել է Փաշինյանը։