Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, ծանոթացել այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին։
Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և տվյալներ փոխանցել այդ հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։
Բադասյանը մանրամասնել է, որ այդ հատվածում Ադրբեջանը մխրճվել և զավթել է 7600 հեկտար տարածք։
Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։ Նա նշել է, որ Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է ՀՀ–ում ԵՄ առաքելությանը, հայտնում է Արմենպրեսը։
«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ջոլին։
Ջոլին նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
Հոկտեմբերի 25–ին Երևանում տեղի է ունեցել Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դրոշը բարձրացրել են Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին և ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները։