ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան The Wall Street Journal–ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ–ից հայերի բռնի տեղահանությանը, ասել է, որ շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի ԼՂ հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան։
«Ինչպիսին է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ինքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի: Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա: Այսինքն, սրանք այս նույն թեմայի մեջ, բայց հարցեր կան, որոնք կարող են նույնիսկ մեկ տասնյակի հասնել: Առաջինը՝ ինչքանո՞վ է իրատեսորեն այդ հնարավորությունը գոյություն կունենա, և իրատեսորեն գոյություն ունենալու դեպքում ինչքանո՞վ մարդիկ կվստահեն այդ հնարավորությանը: Սրանք շատ լուրջ և խորը հարցեր են»,–ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ ԼՂ–ից տեղահանվածների պարագայում կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա:
«Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում»,–ասել է վարչապետը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։