AM
26 October 2023 - 09:48 AMT

ՀՀ-ում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում կա․ Ախտանշանները նման են

Հայաստանում նկատվում է գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում` ամենօրյա մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այս պահին հոսպիտալացումների կտրուկ աճ չկա: Այդ մասին հոկտեմբերի 25–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կովիդը, ինչպես նաև գրիպը, նույն վարքագիծն են դրսևորում, այս պահին սեզոնային ակտիվացում է»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին,նախարարն ասել է, որ շրջանառվող շտամերի փոփոխություն չեն նկատում, ներկայում էլ օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով:

«Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր, ուստի այս դեպքում դժվար է տարբերակել՝ գրիպ է, թե կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ եթե մարդն ունի լուրջ առողջական խնդիրներ, ժամանակին չի ստանում բուժօգնություն, կարող են լինել նաև մահվան դեպքեր:

Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են։ Նա հորդորել է բոլորին պատվաստվել գրիպի դեմ, քանի որ այս ընթացքը ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու:

«Գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցնելով տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին։ Պատվաստանյութը եվրոպական արտադրության է, որը 4 տեսակի գրիպի շտամերի դեմ է գործում»,- ընդգծել է Ավանեսյանը։