AM
26 October 2023 - 10:36 AMT

Բազմաբնակարանների կառավարիչների համար մասնագիտական որակավորման պահանջներ են սահմանվել

Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանը նպաստելու նպատակով շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց՝ կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ:

Այդ մասին տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը՝ նշելով, որ Կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած որոշման նախագծին, որի ընդունումը բխում է տարեսկզբին ընդունված օրենքից, հայտնում է Արմենպրեսը։

«Համաձայն սահմանված պահանջների՝ շենքերի կառավարիչները պետք է ունենան միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, ինչպես նաև իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքներ, որոնք ձեռք կբերեն վերապատրաստման դասընթացների մասնակցելու կամ ինքնուրույն վերապատրաստվելու եղանակով: Ընդունված որոշմամբ սահմանվել են նաև կառավարիչների վերապատրաստման կարգը և իրավական այն ակտերի ցանկը, որոնց միջոցով իրականացվելու է այդ գիտելիքների փոխանցումն ու ստուգումը»,-մանրամասնել է Արզումանյանը։

Նրա խոսքով՝ Հանրապետությունում բազմաբնակարանային ամբողջ ֆոնդի՝ մոտ 19 հազար շենքի պահպանումը, սպասարկումն իրականացվում է կառավարման մարմինների միջոցով, որոնց ընտրում են սեփականատերերը։ Բազմաբնակարանների միայն 40 տոկոսն ունի կառավարման ընտրված մարմին, իսկ մնացած 60 տոկոսը՝ ոչ։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, որից հետո կսկսվեն վերապատրաստման ծրագրերը: Մինչ այդ մեկնարկելու են հարցաշարերի կազմման և դասընթացների մշակման աշխատանքները:

Վերապատրաստմանը կարող են դիմել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր պատրաստվում են զբաղվել կառավարչի գործունեությամբ: Թե՛ դասընթացի մասնակիցների, թե՛ ինքնուրույն վերապատրաստված անձանց գիտելիքները ստուգվելու են թեստավորման եղանակով: Բավարար միավորներ չհավաքածները հնարավորություն կունենան մասնակցելու հետագա թեստավորումներին: