AM
26 October 2023 - 10:39 AMT

Փոխնախարար․ ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կառավարության նիստից հետո, խոսելով վարչական իրավախախտումների համար ԼՂ մեր հայրենակիցներից գանձվող տուգանքների մասին, հայտնել է, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները, ըստ էության, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակում։

Նա նշել է, որ որոշումը կայացվել է, հաշվի առնելով տեղահանման փաստն ինքնին և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը։

«Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալը։

Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվել են, թե արդյոք ԼՂ-ից եկած քաղաքացիները չեն կարող այստեղ աշխատանքի անցնել պարեկային ծառայությունում։

«Պետք է կարողանա ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են. դրանից հետո արդեն առանց որևէ խոչընդոտի կարող է աշխատել»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Իսկ կապույտ անձնագիրը, ՆԳ նախարարի տեղակալի խոսքով, տրամադրվել է ԼՂ մեր հայրենակիցներին որպես ճամփորդական փաստաթուղթ, որպեսզի տարածքից դուրս գալու հետ կապված որևէ խնդիր չառաջանա։

«Ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չեն։ Սա ամրագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներով»,- ասել է նա։

Անդրադառնալով ԼՂ ներկայացուցչության շենքի պաշտպանության վերաբերյալ մտահոգություններին՝ Արփինե Սարգսյանը նշել է. «Ոստիկանությունը ցանկացած շենքի պահպանության նկատմամբ միևնույն ռեժիմն է, ըստ էության, իրականացնում, որևէ գնահատական այդ մասով, ասել, որ լավ էր կամ վատ էր, ես խնդրում եմ նման գնահատականներ չհնչեցնել. ոստիկանության մեր ծառայողներն այնտեղ ևս հասարակական կարգ և անվտանգություն են ապահովել և իրենց առջև դրված խնդիրը պատշաճ կերպով իրականացրել են»։

Ավելի վաղ ոստիկանությունից պարզաբանել էր ԼՂ-ից բռնի տեղահանված 2 անձի 100,000–ական դրամով տուգանելու պատճառը՝ նրանք տրանսպորտային միջոցները վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բռնի տեղահանված արցախցիների տուգանման մասին հրապարակումներ էին եղել սոցցանցերում։