ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է, թե քաղաքական հարցերը լուծելուց հետո Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։
Նա նշել է, որ Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարելու փորձ եղել է խորհրդային տարիներին, գրում է Sputnik Արմենիան։
«Մենք Ադրբեջանից գազ էինք ստանում, այնտեղից եկող 3 հսկայական գազատար ունեինք, հիմա կարող ենք վերականգնել դրանք, եթե մեր երկրների միջև քաղաքական չլուծված հարցեր չմնան։ Մենք նաև կարող ենք տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարման համար։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիային։ Մենք պատրաստ ենք այդ ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,– ասել է Վարդանյանը։
ՏԿԵ փոխնախարարը շեշտել է քանի որ Հայաստանը տարածաշրջանի կենտրոնում է, արևելյան և արևմտյան երկրների հետ սահմանների բացումը կարող է ավելի մեծ հնարավորություններ տալ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է դեր խաղալ Ադրբեջանից Թուրքիա, ինչպես նաև հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի արտահանման և տեղափոխման գործում։ Վարդանյանի խոսքով ՀՀ–ն կարող է էլեկտրաէներգիա արտահանել այդ 2 երկիր։ Փոխնախարարը հավելել է` Հայաստանն ամենակարճ և արագ միջանցքն է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Վրաստանի և Իրանի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։Նա ասել է, որ հիմա աշխատում են Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս հայտնել, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: