AM
27 October 2023 - 06:50 AMT

Սեպտեմբերի 19-ից հետո 220 աճյուն է ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել ԿԽՄԿ օգնությամբ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում պայթյունի զոհերը, հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։

«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է․ մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։