Հայաստանում Ակադեմիական քաղաքի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: Հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում և հավանության է արժանացել։
Աշխատանքները կատարելիս ընկերությունը կգործակցի Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները, գրում է «Հայկական ժամանակը»։
Պայմանագրի գումարի չափը որոշման մեջ չկա, սակայն նշվում է, որ ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակներում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:
Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Ակադեմիական քաղաք» ծրագիրի համար համապատասխան ենթակառուցվածքների և բնական միջավայրի ստեղծման նպատակով առաջացել է գլխավոր հատակագծի մշակման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում Գերմանիայի GMP International Architects and Engineers ընկերության փորձը, հեղինակությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող տրանսֆորմեր համերգասրահի կառուցման բացառիկ հեղինակային իրավունքը՝ նպատակահարմար է համարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրել Ընկերությանը, որն իր ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցելու է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) հետ»։
Նշվում է, որ ընկերության և համալսարանի համագործակցությունը տեղական կրթական և մասնագիտական ներուժի զարգացման հնարավորություն կընձեռի, այդ թվում՝ փորձի փոխանակման և ուսանողների ընդգրկման միջոցով:
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։