Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 24-րդ տարելիցն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:
1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի հերթական քառօրյայի՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ-ի վրա ահաբեկչական հարձակում կատարվեց: Ահաբեկիչների գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվեց:
Դատախազությունը ներկայացրել է Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թթ․ կատարված քննչական և դատավարական գործողությունները։
Նշվում է, որ 1999–ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից ահաբեկչական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում, հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:
Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Ազգային Ժողովում։ Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը, ներխուժելով ԱԺ, սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:
Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա ազատազրկման։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան է եղել:Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։






