Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում: Այդ մասին Երևանում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։
«Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասել է նախարարը, հայտնում է Factor.am-ը։
Սիյատոն նշել է նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն նաև Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:
ՀՀ և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022–ին։
2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։
Հարաբերությունները խզվել էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո։ Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: