AM
27 October 2023 - 11:08 AMT

Միրզոյան․ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելություն ԼՂ ուղարկելու անհրաժեշտությունն աճել է՝ Հունգարիան ցանկանում է աջակցել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը միայն աճել է։

Նա նշել է, որ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցանկություն է հայտնել աջակցել առաքելություն ուղարկելու հարցին, գրում է Sputnik Արմենիան։

«Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հարցն ու դրա հասցեագրումն ավելի է սրվել։ Մենք ավելի վաղ դիմել էինք ՅՈւՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային գործընկերներին։ Պայմանավորվածություն կար Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին, բայց Ադրբեջանի բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը դեռ չի կայացել»,- ասել է Միրզոյանը։

Այնուամենայնիվ, Հայաստանը հույս ունի, որ այն կուղղվի։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։