AM
27 October 2023 - 14:27 AMT

Կոստանյան․ Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց բախտը փորձել և բանակցել արևմտյան հարթակներում, սակայն Խորհրդային միության ժամանակներից մնացած քարտեզները, որոնք կարող են որպես հիմք ծառայել երկու երկրի միջև սահմանազատման համար, միայն Ռուսաստանի մոտ կան։

Կոստանյանը ճեպազրույցում նշել է, որ Խորհրդային միության 1974-1978 թթ․ քարտեզները միջնորդները հայկական և ադրբեջանական կողմերին տրամադրել են, հայտնում է Արմենպրեսը։

«1974-1978 թվականների քարտեզները, որոնց մասին խոսվում է, կան․ և՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, և՛ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»,- ասել է Կոստանյանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բայց բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են։