Հունգարիայի կառավարությունը գումար կտրամադրի Հայաստանին` հաջակցություն այն ընտանիքների, որոնք Լեռնային Ղարաբաղից եկել են Հայաստան։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Թույլ տվեք հավաստիացնել, որ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու մեր կապերը: Որպես դրա դրսևորում, մենք տրամադրելու ենք ևս 40 մլն հունգարական ֆորինտ (մոտ 110,000 դոլար– խմբ.)՝ ի աջակցություն այն ընտանիքների, որոնք Լեռնային Ղարաբաղից եկել են Հայաստան: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցություն ունենալ նաև այդ անձանց բուժման գործում։ Մեր բուժհաստատությունները պատրաստ են ընդունել այդ ընտանիքների երեխաներին: Հունգարիայի մանկական ճամբարներն էլ են պատրաստ դա անել»,- ասել է Սիյարտոն, հայտնում է Sputnik Արմենիան։
Հունգարիայի նախարարը նաև շեշտել է, որ իրենք այն երկրներից են, որոնք ցանկացած բախման, պատերազմների դեպքում ձգտում են խաղաղ կարգավորման, և կողմ են խաղաղ կարգավորմանը նաև Կովկասյան տարածաշրջանում:
«Ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այն կերաշխավորի, որ տարածաշրջանում հաջորդ տասնամյակներում մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ: Տարածաշրջանի բոլոր բնակիչները տասնամյակներ շարունակ տառապելուց հետո արժանի են, որ այստեղ խաղաղություն ու անդորր տիրի»,- նշել է Հունգարիայի արտգործնախարարը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններ էին վարել 2021-ին, ինչի արդյունքում 5 ռազմագերի վերադարձվեց Հայաստան:
ՀՀ և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022–ին։
2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։
Հարաբերությունները խզվել էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո։ Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: