Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահ տիկին Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը իր գնահատանքն է հայտնել գերմանական Կարմիր խաչին այս դժվարին օրերին Հայաստանի և հայրենազրկված արցախահայության համար իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ։
Բարբարա Բոշը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ նախաձեռնված աջակցության ծրագրերը շարունակական են լինելու, հատկապես առաջնահերթ են նկատվելու բռնի տեղահանված արցախցիների կարիքները։
Բոշը, անդրադարձ կատարելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում գերմանական Կարմիր խաչի գործունեությանը, խոսել է նաև «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Գթության խոհանոց» ծրագրի մասին։
Կաթողիկոսն անդրադարձել է նաև Արցախից տեղահանված հայորդիներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։
Հայոց Հայրապետը, ի դեմս ներկաների, իր գնահատանքն է փոխանցել Գերմանիային և գերմանացի ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: