AM
28 October 2023 - 09:45 AMT

Փաշինյան․ Պարեկային ծառայությունում առնվազն 30% կին պետք է աշխատի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրում մասնակցել է ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է։

Անդրադառնալով հետագա քայլերին՝ Փաշինյանն ասել է, որ առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը, և կարող եք պատկերացնել, թե սա ինչ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, այստեղ միայն Ոստիկանությունն ու Պարեկային ոստիկանությունը դեր չունեն, շատ կարևոր է նաև մեր ժողովրդի ընդհանուր վերաբերմունքը, ապրելակերպը, արժեքային համակարգը, որը նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Բայց կարծում եմ, որ Ոստիկանության բարեփոխումները և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, շատ ուղիղ և էական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա:

Եվ ուրախ եմ, որ մենք ահա՝ աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 28–ից Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը:

Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Նա մասնակցել է նաև Վայոց ձորում Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: