AM
28 October 2023 - 11:22 AMT

Պարեկային ոստիկանության հիմնադրման համար ծախսվել է 29 մլրդ դրամ, 20–ը՝ ՀՀ բյուջեից

Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշատում ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի պետական բյուջեից, 6 մլրդը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և ՀՀ բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար»,–ասել է նա։

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու` 300 նոր ծառայողով համալրվելու համար: Այդ 300 ծառայողների մոտջ 80 տոկոսը լինելու են կանայք։ Փաշինյանը հույս է հայտնել, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին, որովհետև, նրա խոսքով, կարևոր է, որպեսզի ընդհանրապես Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը մեծանա։

«Ես ուզում եմ արձանագրենք նաև մեր ամենօրյա աշխատանքում Պետություն-Հայրենիք հասկացությունների նոր ընկալումը, որովհետև մեր ընկալմամբ Պետությունը Հայրենիքն է, Հայրենիքը` Պետությունը։ Եվ եթե որևէ մեկը սիրում է իր Հայրենիքը, ուրեմն Հայրենիքը սիրելու իր զգացումը պետք է արտահայտվի Պետությունն ուժեղացնելով, պետական ինստիտուտներն ուժեղացնելով։ Մենք Պարեկային ոստիկանության հիմնադրմամբ ահա շատ կարևոր մի ինստիտուտ ենք ներդնում, որով ամրապնդում ենք մեր Պետությունը»,- ընդգծել է նա։

Հոկտեմբերի 28–ից Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը:

Փաշինյանն Արմավիրում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Նա մասնակցել է նաև Վայոց ձորում Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: