Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել է Մալթա, որտեղ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։
Երկօրյա համաժողովը կազմակերպվել է Կիևի նախաձեռնությամբ, և ինչպես նախագահ Զելենսկու արտաքին հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական Իհոր Ժովկոն է ասել Reuters-ին, Կիևում ակնկալում են դրա ավարտին կոնկրետ արդյունքներ արձանագրել, հայտնում է «Ազատությունը»։
«Հավատացեք, որ Մալթայից հետո մենք հայտարարելու շատ բան կունենանք»,- ավելի վաղ ասել էր ուկրաինացի բարձրատիճան պաշտոնյան Kyiv Post-ին։
Նա հավելել էր, որ ուկրաինական կողմը պահանջում է հատուկ տրիբունալ ստեղծել՝ Ռուսաստանի իշխանություններին դատելու համար։
Բացի այդ, ըստ Ժովկոյի, համաժողովում քննարկվելու է նախագահ Զելենսկու առաջարկած «Խաղաղության բանաձևը»՝ տասը կետ, որոնք Կիևը առաջադրել է որպես պատերազմի ավարտի ու խաղաղության նախապայման։ Դրանք Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հրապարակեց 2022–ի նոյեմբերին՝ «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ՝ միջուկային ու ռադիացիոն անվտանգություն, բոլոր գերիների ու տեղահանվածների ազատ արձակում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, ռուսական զորքերի դուրսբերում ու բռնությունների դադարեցում։
Ժովկոն ընդգծել է՝ Կիևը հույս ունի, որ Մալթայի քննարկումներին առաջին անգամ մասնակցող երկրները կմիանան Ռուսաստանի՝ ագրեսոր երկրի դեմ հավաքական ճնշումներին և հանդես կգան որպես Կիևի առաջարկած խաղաղության բանաձևի երաշխավոր։ Ընդ որում, մինչև այս պահը՝ համաժողովի մեկնարկից մեկ օր առաջ, Կիևը մասնակից երկրների ցանկը չի հրապարակում։
Սեպտեմբերին, Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Այն Կիև էր տարել Հայաստանի վարչապետի տիկինը՝ առաջին անգամ մասնակցելով Ուկրաինայի առաջին տիկնոջ կողմից անցկացվող ամենամյա գագաթնաժողովին։ Ավելի ուշ՝ վարչապետ Փաշինյանը Գրանադայում կարճ զրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։