Գորիսում Արցախից տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում։ Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի` շինաշխատանքներն արդեն սկսված են։
Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով մեկնարկել է բնակարանաշինության ծրագիրը։ Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքների ընթացքում, հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
Շինաշխատանքների մեկնարկն արդեն տրված է` շինանյութը տրամադրում են ամերիկահայ բարերարները, իսկ վերակառուցման աշխատանքները իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։