AM
30 October 2023 - 08:59 AMT

Ավինյան․ Մետրոյում վտանգավոր միաջեպ է եղել՝ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել, է, որ մետրոպոլիտենը դեռ անհրաժեշտ ֆինանսավորում չի ստացել անվազույգերի և ռելսերի համար։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ մետրոպոլիտենում վտանգավոր միաջեպ է եղել, բարեբախտաբար առանց զոհերի, իսկ ֆինանսավորման ձգձգումը հավելյալ ռիսկեր է առաջացնում։

Սեդրակյանը ներկայացրել է, որ հարցը բարձրաձայնվել է դեռևս ամիսներ առաջ:

«Խոսքը 32 անվազույգի և 4 կմ ռելսի հետ կապված գումարների մասին է՝ մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար: Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են՝ ասում են, որ հաշվարկել են 2024–ի բյուջեում»,- ասել է Սեդրակյանը:

Ավինյանը փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին ասել է․ «Աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք։ Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից է»:

Ավելի վաղ մետրոյում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Երևանի մետրոպոլիտենն անցել էր մի գծանի-երկկողմանի երթևեկության։