AM
30 October 2023 - 12:37 AMT

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը 54 մլրդ դրամ է հատկացրել

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համար 54 մլրդ դրամի հատկացում է արել։ Այդ մասին ԱԺ–ում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ հատկացված գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը, իսկ գումարի մի մասը ծախսվելու է 2024-ի պետբյուջեով:

«Օրինակ՝ կեցության աջակցության ծրագիրը 6 ամսյա է և դեռ 6 ամիս պետք է շարունակվի»,-ասել է Փաշինյանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 100 հազար քաղաքացի արդեն ստացել է 100 հազարական դրամ աջակցությունը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ: