Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,-ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով կալանավորվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Ըստ դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը մոտ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։
Մի խումբ մտավորականներ, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մասնակի բեկանվել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։