AM
31 October 2023 - 06:34 AMT

ՔԿ․ ԼՂ-ից Հայաստան գաղթելիս 14 մարդ խոշտանգվել է, 64-ը՝ մահացել

Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից Հայաստան գաղթելիս 14 անձ խոշտանգումների է ենթարկվել, 64-ը՝ մահացել:

Այդ մասին հայտնել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Ունենք 200-ից ավելի զոհված զինծառայող և քաղաքացիական անձ: Մոտ 12 քաղաքացիական անձի և մոտ 30 զինծառայողի գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ»,-նշել է Վարդանյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նրա խոսքով՝ 14 խոշտանգված անձանցից 12-ը զինծառայող է, երկուսը՝ քաղաքացիական անձ:

Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է քաղաքացիական 9 անձ, նրանցից 3–ը՝ երեխա: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

Անդրադառնալով առևանգումներին և գերեվարումներին՝ Վարդանյանն ասել է՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ կա ֆիքսված 16 անձ: Նրանցից տասը քաղաքացիական անձիք են: Գերեվարված 16 անձանցից 8-ը Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա քաղաքական ղեկավարության անդամներն են: 44-օրյա պատերազմից հետո մինչև սեպտեմբերի 19-ը հաստատված և Ադրբեջանում ապօրինի պահվող ևս 37 անձ կա:

Պաշտոնատար անձանց, զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացվել:

«Այս պահի դրությամբ ինը անձի մասով մենք ունենք Ադրբեջանի կողմից հաստատում, որ տվյալ անձիք գերության մեջ են: Մյուսների հետ կապված գործընթացը դեռ ընթացքի մեջ է»,-նշել է Վարդանյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։