AM
31 October 2023 - 09:23 AMT

Ֆիդանյան. Ոստիկանության զորքերը կապառազմականացվեն, կստեղծվի ոստիկանության գվարդիա

2024-ին նախատեսվում է ոստիկանության զորքերն ապառազմականացնել և վերակազմակերպել ոստիկանության գվարդիայի, որին կվերապահվեն հասարակական կարգի անվտանգության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև՝ ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նա նշել է, որ արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով։ Ներկայում վերջնականացման փուլում է գտնվում «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, հայտնում է «Առավոտը»:

«Սկզբունքորեն կվերաիմաստավորվեն ոստիկանության տարածքային մարմինների կազմակերպական ձևն ու գործառույթները։ Տեսլականի համաձայն՝ Երևանի և մարզային մակարդակներում մարզային վարչություններում կձևավորվեն քրեական ոստիկանության գլխավոր վարչության ենթակայությամբ գործող քրեական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը։

Իսկ ոտիկանության ներկայիս տարածքային բաժինները կվերակազմակերպվեն համայնքային ոստիկանության ստորաբաժանումների՝ ապահովելով բոլոր ուղղություններով հանցագործությունների կանխարգելումը, մասնավորապես, ընտանեկան բռնության դեպքերին հակազդելը, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելը, ինչպես նաև համայնքների հետ աշխատանքերը։ Տվյալ ստորաբաժանումներին կվերապահվի նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերի օպերատիվ հետախուզական աշխատանքների իրականացումը»,- հավելել է նա։