AM
31 October 2023 - 09:10 AMT

ՆԳՆ-ի հորդորն Արցախից տեղահանվածներին՝ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով Արցախից բռնի տեղահանվածներին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն:

Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով զենք կրող, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների շրջանառության կանոնները խախտած անձինք նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնելու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։