AM
31 October 2023 - 09:23 AMT

ԱՄՆ դեսպանը Կապանում հանդիպել է Արցախից տեղահանվածներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Կապան, զրուցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,–ասվում է հրապարակման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։