AM
31 October 2023 - 10:34 AMT

2024–ին մետրոյին 5․5 մլրդ դրամ կհատկացվի, որից 4 մլրդ–ը՝ նոր կայարանի կառուցմանը

2024–ին պետական բյուջեով Երևանի »մետրոպոլիտենին կհատկացվի 5․5 մլրդ դրամ, որից 4 մլրդ-ը՝ նոր կայարանի կառուցմանը, իսկ 1.5 մլրդ-ը` վերանորոգումներին։ Այդ մասին Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Ֆինանսների նախարարությունը մերժել մետրոպոլիտենին այս տարի հավելյալ գումար հատկացնել հրատապ կարգով պահեստապամասեր ձեռք բերելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա հայտարարել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, սակայն ստացել են մերժում։

Հովհաննիսյանը վստահեցրել է, որ նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։

«Մենք քաղաքապետարանից ստացել ենք նամակ, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվում մետրոպոլիտենի այլ ծախսեր անելու համար։ Մենք հարցրել ենք ի՞նչն է պատճառը, որ այս բանի համար նախատեսված գումարն ուղղվելու է մեկ այլ բանի համար։ Մենք ոչ թե մերժել ենք այդ հայտը, այլ հարցեր ենք տվել հասկանալու համար եթե ինչ–որ ծրագրից այդ գումարը վերցվում է, հետո վերականգնվելո՞ւ է, թե՞ առհասարակ էլ չի արվելու»,– ասել է նախարարը։

Նա նաև վստահեցրել է, որ 2023–ին հատկացված ֆինասավորումից բացի հրատապ դեպքերի համար նախարարության պահուստային ֆոնդից մետրոպոլիտենին գումարներ արդեն հատկացվել են։