AM
31 October 2023 - 10:59 AMT

Սմբատյան․ Ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման դադարեցմանը, գրել է, որ ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում։

«Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ Սմբատյանն արդարացվել է։

Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով կալանավորվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Ըստ դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը մոտ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։

Մի խումբ մտավորականներ, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մասնակի բեկանվել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։