AM
1 November 2023 - 06:34 AMT

«Շիրակ Կենտրոնի» նախագահը՝ բռնագաղթածների մասին․ Ձմռան կեսից կտեսնեք՝ ինչ վիճակ կստեղծվի՝ ճգնաժամն անխուսափելի է

«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, անդրադառնալով Արցախից բռնի տեղահնվածների խնդիրներին, որոնցով զբաղում է նաև Կենտրոնը, ասել է, որ առաջիկայում հումանիտար ճգնաժամն անխուսափելի է, հայտնում է Aysor.am-ը։

«2-3 ամսից՝ ձմռան կեսերից կտեսնեք՝ ինչ վիճակ կստեղծվի, որովհետև տեղահանված արցախցիների խնդիրներին ժամանակավոր լուծում է տրվել։ Նման է նրան, որ մինչև տանել, վիրահատելը ցավազրկող ենք տվել, որ չցավի, բայց դրա ազդեցությունը կանցնի։ Նախնական փուլը մի կերպ արվեց, բայց սա հումանիտար ճգնաժամից փրկելու ճանապարհ չէր։ Շատ ընտանիքների ժամանակավոր են տեղավորել, մարդիկ 2-3 ամսով են տուն տվել, հիմա կսկսվի այդ ընտանքիների ամենամեծ ողբերգությունը՝ ի՞նչ անել»,-ասել է նա։

Թումասյանը նշել է, որ եթե հիմա սնունդ են տալիս, կամ՝ այլ օգնություն, երկու ամսից դա էլ չի լինելու։

«Մի քանի ամսից արցախցիների խնդիրը կդառնա ոչ արդիական, այդ օգնություններն էլ կդադարեն՝ սնունդ, հագուստ… Եթե կացարան էլ չունեն, պայմաններ էլ չունեն, աշխատելով էլ չեն կարող ձեռք բերել․ ի՞նչ պետք է անեն։ Հիմա բարդ է, արտագաղթի վրա հույս դնել չեն կարող, ՌԴ-ում էլ խնդիրներ կան, եվրոպաներ գնալն էլ ֆինանսներ է պահանջում։ Եթե տարիներ առաջ լիներ, խնդրի լուծման ճանապարհներից մեկն արտագաղթն էր, հիմա դա չի լինելու»,-ասել է նա։

Ըստ ՀԿ ղեկավարի՝ անհրաժեշտ է տեղահանված հայրենակիցներին նախնական շրջանում շատ արագ գոնե բնակարաններով կամ տներով ապահովել։

«Քանի մարդիկ և՛ հոգեբանորեն չեն փոխվել, և՛ չեն հիասթափվել, շատ արագ պետք է նրանց բնակարաններով ապահովել։ Պետության գործը դա պետք է լիներ, հայկական մեծ ֆոնդերը՝ Հայաստան հիմնադրամը և մյուսները նույնը պետք է անեին։ Հատկապես նախնական շրջանում գյուղական բնակավայրերում ձեռք բերեին նորակառույց, կամ երկրաշարժից հետո կառուցված և կիսատ մնացած տներ, Շիրակի մարզում շատ կան, նորոգեին, հասցնեին մի վիճակի, և տային այդ մարդկանց։ Բայց եթե իրենք էլ մեր նման սնունդ ու հագուստ են տալիս՝ դա փողերի փոշիացում է, որը մեծ օգուտ չի կարող տալ», – ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։