Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, արձագանքելով ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացակայանի մահվան մասին սոցցանցերում տարածված տեղեկություններին, ասել է, որ ունեն տեղեկություն նրա ողջ լինելու վերաբերյալ, հայտնում է Panorama.am-ը։
Ավելի վաղ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել է, թե տեղեկություններ է ստացել Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում ծեծելով սպանելու մասին։
Իրավաբանը նշել է, որ կապի մեջ է Ադրբեջանում անազատության մեջ պահվող նախկին պաշտոնյաների ընտանիքների, հարազատների հետ։
«Մենք ունենք տեղեկություն նրա ողջ լինելու վերաբերյալ։ Մենք համադրում ենք, որ նրանք կարողացել են ընտանիքի անդամների հետ կապ հաստատել, մյուս կողմից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտարարել է, որ այցելել է ղեկավարությանը, որի թվում է ռազմական ղեկավարությունը, չի կատարել որևէ բացառություն։ Նման կառույցի կողմից հայտարարության պայմաններում չենք կարող այլ հետևություն կատարել։ Այցելությունը եղել է հոկտեմբերի 20-ին, մեր հետևությունն այն է, որ հոկտեմբերի 20-ին Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսել են նաև Լևոն Մնացականյանին»,–ասել է Սահակյանը։
Նա հավելել է, որ Արցախի նախկին պաշտոնյաները, ռազմական գործիչները Ադրբեջանի կողմից, ըստ էության, ենթարկվում են քաղաքական հետապնդումների։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, անդրադառնալով Բաքվի կողմից գերեվարված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի վիճակին և նրան Բաքվի բանտում ենթադրաբար սպանելու լուրերին, ասել է, թե ոչինչ չունի դրա մասին ասելու:
«Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Ինչ վերաբերում է այն հանրային հարցերին, լուրերին, որոնք պտտվում են՝ մենք որևէ մեկնաբանություն անել չենք կարող»,–ասել էր նա։