AM
1 November 2023 - 07:44 AMT

ՀՀ-ն ու Իրանն աշխատանքի և սոցպաշտպանության ոլորտում գործակցության հուշագիր են ստորագրել

Աշխատանքային այցով Իրանում գտնվող սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ Երկու երկրի միջև գործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։

Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ հրավերն ընդունելու և Իրան այցելելու համար։ Վերջինս նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման։